Անգամ խոսելով խաղաղության մասին, Ալիեւը շարունակում է սպառնալ պատերազմով

PanARMENIAN.Net - «Ալիեւ կրտսերը, ժառանգություն ստանալով Ադրբեջանը, ձեւացնում է, թե շատ բան չի տեսնում, չի հիշում ու չի լսում», - ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այդպես է մեկնաբանել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շրջանում արած հերթական կոշտ հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գոյատեւման հնարավորություն չի տեսնում իր սահմաններից դուրս եւ նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում:



Ղուկասյանը քննադատել է Ադրբեջանի նախագահին` հայտարարելով, որ վերջինս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից նա առավել եւս չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները, չի տեսնում հարյուր հազարավոր հայ փախստականներին Ադրբեջանից եւ ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին հաջողվել էր իրականացնել էթնիկ զտումներ: Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու ...) իրականացված հայերի ջարդերը», - ընդգծել է Ղուկասյանը:



Արկադի Ղուկասյանն Ալիեւին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Հիշեցրել է նաեւ, որ, միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Հիշեցրել է, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ վախճան ունեցավ ուժային այդ արկածախնդրությունը եւ ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:



ԼՂՀ նախկին նախագահը նաեւ ընդգծել է, որ Ալիեւը չի լսում միջազգային հանրության կոչերը` վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանությանը, շփման գոտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչությունը: «Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների, Հայաստանի, եւ որ ամենացինիկն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի շահերի դիտակետից: Անգամ խաղաղության մասին խոսելիս, Ալիեւը սպառնում է պատերազմով», -նշել է Ղուկասյանը:



«Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հավաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում, Ալիեւն, ըստ էության, խափանում է բանակցային գործընթացը», - փաստում է ԼՂՀ նախկին նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---