Քինգ Բանայան. Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից

PanARMENIAN.Net - Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից, ասել է այսօր ԱՄՆ Սբ.Կլավդիոսի պետական համալսարանի դեկան, AIPIRG-ի անդամ Քինգ Բանայանը Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` էմպիրիկ փորձ» խորագրով քննարկմանը: Ք.Բանայանը կիսել է ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտորի խորհրդական Լեւ Ֆրեյնքմանի այն տեսակետը, թե Հայաստանը բավական արագ դուրս կգա ճգնաժամից:



Համեմատություն անցկացնելով ասիական երկրների հետ` Բանայանը նշել է, որ ռեցեսիան Հայաստանում տարբերվում է, քանի որ հայկական տնտեսությունն իր կառուցվածքով տարբեր է այդ երկրների կառուցվածքից: Ներկայացնելով Ինդոնեզիայի փորձը, որի տնտեսությունը եւս շատ է տուժել մեծ անկումից շինարարության ոլորտում, Բանայանը նշել է, որ այդ պետությունը շատ ավելի է տուժել ֆինանսական համակարգից, քան Հայաստանը, քանի որ դրամավարկային քաղաքականությունն այդ երկրում անարդյունավետ է եղել: «Նրանք շատ ուշացրին ազգային արժույթի սղաճը»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել է, որ այս համատեքստում Հայաստանը պետք է այլ մոտեցումներ կիրառի անկման հաղթահարման համար:



Բանայանը հետեւյալ ուղղություններն է առանձնացրել, որոնք կօգնեն Հայաստանին դուրս գալ ճգնաժամից եւ հետագայում եւս արտաքին շոկերի դեպքում մեղմացնել դրանց ազդեցությունն իր տնտեսության վրա: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելացնի առեւտուրը որքան հնարավոր է մեծ թվով պետությունների հետ»,-ասել է նա: Ըստ նրա, չնայած նրան, որ աշխարհագրական տեսակետից երկիրն անբարենպաստ վիճակում է, այնուամենայնիվ, պետք է ուղիներ գտնել առեւտրի ծավալներն ավելացնելու համար: Հաջորդ ասպեկտը` օգնությունն է այն ընտանիքներին, որոնք մյուսներից շատ են տուժել դրամական փոխանցումների կրճատումից: «Նման քաղաքականությունը կարճաժամկետ առումով կնպաստի ճգնաժամի արագ հաղթահարմանը»,-հավելել է նա:



Երեւանում հունիսի 7-9 անցնում է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչն է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը (AIPRG):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---