9 հուլիսի 2009 - 15:37 AMT
Վրաստանը վերսկսել է գազի առաքումը դեպի Հայաստան
Ռուսական գազի առաքումը Հայաստան Վրաստանի տարածքով, որը դադարեցվել էր հուլիսի 8-ին, այսօր առավոտյան վերսկսվել է: Այդ մասին հաղորդել են «Վրաստանի նավթային ու Գազային կորպորացիա» ԲԲԸ-ում:
Առաքումները դադարեցված էին Վրաստանում գազաչափիչ կայանի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ:

Վրացական ընկերության ներկայացուցչի խոսքերով, գազի տեղափոխման մասնագետները հայ գործընկերների հետ միասին օպերատիվ իրականացրեցին բոլոր տեխնիկական աշխատանքները, որից հետո գազի տարանցումը վերականգնվեց:

Վերջին անգամ գազի առաքումը Վրաստանից Հայաստան դադարեցվել էր 2009թ. հունիսի 16-21, քանի որ Վրաստանի Գազատրանսպորտային ընկերությունը աշխատանքներ էր տանում «Ղազախ-Սագուրամո» գազամուղին նոր հատված միացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում Հայաստանի գազամատակարարումը կատարվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի հաշվին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ռուսական գազի առաքման ու բաշխման մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում: Գազը Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով:

Ընկերությունը ստեղծվել է 1997թ., նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (բաժնետոմսերի 80 տոկոս) եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը (20 տոկոս):