10 հուլիսի 2009 - 15:10 AMT
Հայաստանն ու Հունգարիան մտադիր են արագացնել առեւտրատնտեսական համաձայնագրերի ստորագրումը
Երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական ոլորտի համաձայնագրերի նախապատրաստումը:

Հուլիսի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ այցով ժամանել է Բուդապեշտ: Հունգարիայի մայրաքաղաք ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկեր Պետեր Բալաշի հետ: Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր ս.թ. նոյեմբերին Հայաստանի Նախագահի Հունգարիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, երկկողմ համագործակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Բարձր գնահատելով վերջերս հայ-հունգարական հարաբերությունների զարգացման միտումները` նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը նշեցին բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` որպես համակողմանի համագործակցության զարգացման երաշխիք:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղիներին: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, գործարար համաժողովների անցկացումը: Նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել տնտեսական ոլորտի համաձայնագրերի նախապատրաստումը` Հայաստանի Հանրապետության Նախագահի Հունգարիա այցելության ընթացքում ստորագրելու նպատակով:

Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հունգարիայի արտգործնախարարին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները:

Նախարար Նալբանդյանի խնդրանքով Պետեր Բալաշը ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո Եվրոպական միությունում տեղի ունեցող գործընթացները, Եվրոպական հանձնաժողովի ձեւավորման ընթացքը:

Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս, ապա Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց հունգարական հեռուստատեսությանը:

Բուդապեշտում Էդվարդ Նալբանդյանը հունգարահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Բուդապեշտում կանգնեցված հուշակոթողին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բուխարեստ: