10 հուլիսի 2009 - 18:46 AMT
Տիգրան Թորոսյան. Համաներումը չնպաստեց Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի մեղմացմանը
«1,5 տարվա ընթացքում մի շարք քայլեր են կատարվել, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, փաստահավաք խմբի ստեղծումն ու լուծարումը, քրեական օրենսդրության փոփոխությունը, որը ձեւական բնույթ չէր կրում: Մնացել է միայն ժամանակավոր հանձնաժողովը, որից հասարակությունը պատասխաններ է պահանջելու մարտի իրադարձությունների վերաբերյալ, ինչը ծանր բեռ է հանձնաժողովի համար»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Անդրադառնալով համաներմանը` Թորոսյանը նշել է, որ զգալի արդյունքի համար այն ավելի շուտ պետք է հայտարարվեր, կամ ավելի ուշ, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունենքրի հիման վրա:

Նա նաեւ ընդգծել է, որ համաներումն ի սկզբանե լուրջ թերություն ուներ, սխալ մոտեցումների եւ սկզբունքների պատճառով: Ըստ Թորոսյանի, պետք չէր առանձին կետով նշել մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցներին, եթե նրանց սովորական հանցագործներ էին համարում: