13 հուլիսի 2009 - 15:40 AMT
Մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը
Մադրիդյան հիմնարար սկզբունքները հակասում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ՄԱԿ-ի չորս բանաձեւերին եւ, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլին:

Նրա կարծիքով, համանախագահող երկրները ձգտում են Ադրբեջանին եւ Հայաստանին հարկադրել համաձայնելու ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ոչ թե միջազգային իրավունքի, այլ ինչ-որ զուտ քաղաքական սկզբունքների հիման վրա: «Տվյալ հակամարտության գործում բոլոր համանախագահող երկրները չեն չեզոք դիրքերում: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը տարբեր մակարդակի հովանավորություն են ցույց տալիս Հայաստանին: Ադրբեջանի օգտին միայն մեկ փաստարկ կա` ժամանակակից աշխարհում հիմնարար միջազգային իրավունքը` ի դեմս սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության հրամայականի: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործումը տվյալ պետության իրավասության մեջ է մտնում: Ուստի, Ադրբեջանի շրջանի` Լեռնային Ղարաբաղի, ինքնորոշման ձեւը պետք է սահմանի Ադրբեջանի պետությունը: Մադրիդյան սկզբունքները, այն տեսքով, ինչ տեսքով որ հրապարակվել են, ենթադրում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, այլ վերահսկողության կորուստ հարակից տարածքների նկատմամբ, որտեղ առաջարկվում է տեղակայել միջազգային ուժերը», նշել է ադրբեջանցի քաղաքական գորշիչը, հաղորդում է 1news.az -ը: