13 հուլիսի 2009 - 17:04 AMT
Ամերիկացի Անջեյ Կրակովսկին մտադիր է ֆիլմ նկարահանել Հայաստանում
Ամերիկացի ռեժիսոր Անջեյ Կրակովսկին մտադիր է ֆիլմ նկարահանել Հայաստանում: Նրա խոսքերով, ֆիլմի սցենարը հիմնված կլինի ռեժիսորի հոր ու հորեղբոր իրական պատմության վրա, այն կպատմի երկու տարեց եղբայրների կյանքի մասին, որոնցից մեկն անցյալում եղել է կուսակցական գործիչ, իսկ ծերության օրոք ձեռնունայն է մնացել, իսկ երկրորդն իր ողջ կյանքում որպես կոշկակար է աշխատել եւ կարողացել է գումար կուտակել սեւ օրվա համար:

«Ես որոշել եմ ֆիլմ նկարահանել Հայաստանում, քանի որ, չեմ ցանկանում, որ ֆիլմը կրի լեհական կինեմատոգրաֆի առանձնահատկության կնիքը: Շատ կցանկանայի, որ ֆիլմը բոլորի համար հասկանալի լիներ»,-հայտարարել է ռեժիսորը:

Անջեյ Կրակովսկին առաջին անգամ է Հայաստանում, նա մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որին ներկայկացվել են նրա աշխատանքներն, այդ թվում «Պալադինին որոնելիս» ֆիլմը, որը մասնակցում է «Միջազգային կինո» մրցութային ծրագրին: Արդեն 41 տարի է, ինչ ազգությամբ լեհ ռեժիսորը բնակվում է ԱՄՆ-ում , քանի որ արտաքսվել է Լեհաստանից հրեական ծագում ունենալու պատճառով: