14 հուլիսի 2009 - 20:34 AMT
Մադրիդյան սկզբունքները դեպի պատերազմ են տանում
Մադրիդյան սկզբունքները դեպի պատերազմ են տանում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել են հայ բլոգերները: Ըստ Հայկ Բալանյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն կոչված էր լուծելու հակամարտությունը տարածաշրջանի երկրների միջեւ եւ անցած 15 տարիներին այժմյան ստատուս-կվոն ձեռնատու էր բոլորին` եւ հակամարտության կողմերին, եւ միջնորդներին: Ներկայումս իրավիճակը փոխվել է` ստատուս-կվոն այլեւս ոչ ոքի չի գոհացնում, եւ առաջին հերթին ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, քանի որ երկու երկրները շահագրգիրռ են իրենց ազդեցությունը Կովկասում տարածելու հարցում: «Սակայն նրանց շահերը չեն համընկնում, ինչից էլ բխում է փոփոխության անհրաժեշտությունը: Ստատուս-կվոյի մեխանիզմի փոփոխման միակ միջոցը պատերազմն է»,-ասել է Բալանյանը` հավելելով, որ բոլոր վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ-ն հետեւում էր բանակցությունների «առաջընթացին» եւ այժմ, հավանություն տալով Մադրիդյան սկզբունքներին, փաստորեն չի բացառում պատերազմի հնարավորությունը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հուլիսի 10-ի ղարաբաղյան կարգավորման մասին հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված «մադրիդյան հիմնական սկզբունքների» էությունը:
Իրենց հայտարարության մեջ, հայ բլոգերները նշում են, որ կործանարար են համարում մադրիդյան սկզբունքներրը ՀՀ-ի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: «ԼՂՀ մի մասը հանդիսացող տարածքների հանձնումը, որը միակ իրական, ոչ թե «թղթի» երաշխիքն է ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության համար, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ, ինչպես նաեւ ԼՂՀ տարածքում ռազմական ուժերի տեղակայումը, արմատապես հակասում է հայ ժողվորդի շահերին, խարխլում է երկրի պաշտպանունակությունը եւ հարվածի տակ է դնում հայ պետականության ապագան»,-ասվում է հայտարարության մեջ:
Հեղինակները նաեւ դատապարտել են այն գաղտնիության պայմանները, որոնցում բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունը: