ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամալո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենը։



ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) Հայաստանին աջակցում է 2004 թվականից: Մինչեւ այժմ իրականացված 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային երկու ծրագրերը հիմնականում ուղղված են եղել արտադրական ենթակառուցվածքների վերականգնմանը: Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է 14 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր, որի նպատակն է վարկերի ու ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացումը:



Նկատի ունենալով ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի եւ անձամբ գլխավոր տնօրենի մեծ ներդրումը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ամրապնդման, մասնավորապես գյուղական տարածքների զարգացման գործում, Հանրապետության Նախագահը հուլիսի 13-ին հրամանագիր է ստորագրել Սուլեյման Ջազիր Ալ- Հերբիշին Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու մասին:



Նախագահ Սարգսյանը պարոն Հերբիշին հանձնելով պարգեւը` գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կապակցությամբ եւ նշել, որ լուրջ աշխատանք է կատարվել գյուղական բնակավայրերի զարգացման, աղքատության կրճատման ուղղությամբ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի հնգամյա եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի արդեն տասնհինգամյա գործունեությունը մեր երկրում, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի գյուղական շրջանների բարենորոգմանը եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերին: Նախագահը կարեւոր է համարել ոչ միայն հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, այլ նաեւ այն փորձը, աշխատանքի մշակույթը, որ ձեռք է բերվում համատեղ գործունեության ընթացքում: Նա նաեւ հույս է հայտնել, որ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, համագործակցությունը կլինի շարունակական։



Սուլեյման Ջազիր Ալ-Հերբիշը շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի պետական պարգեւը` այն համարել է իր ղեկավարած հիմնադրամի եւ իրենց ռազմավարական գործընկերոջ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, աշխատանքի արդյունքն ու գնահատականը, Հայաստանի հետ համագործակցության խորհրդանիշը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---