15 հուլիսի 2009 - 17:53 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ կան պարտադրման տարրեր
«Եւ' Հայաստանում եւ' Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարության առնչությամբ ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկումները, միանգամայն բնական են, իսկ գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները նորություն չէին հակամարտող կողմերի իշխանությունների համար», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Սակայն Հակոբյանը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ վերը նշված հայտարարության մեջ կան պարտադրման տարրեր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության համար:

Զիջումների հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանի նախագահի հանդեպ գործադրվող ճնշման հնարավոր հետեւանքների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Հակոբյանը պատասխանել է, որ կա երկու տարբերակ. կամ նախագահ Սարգսյանը համաձայնում է եւ զիջումներ է կատարում, կամ հրաժարվում է եւ կորցնում է իշխանությունը: