15 հուլիսի 2009 - 19:17 AMT
Իրանի նախագահը Թեհրան-Երեւան ինքնաթիռի կործանման հանգամանքների անհապաղ հետաքննում է պահանջում
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցություն է հայտնել Երեւան-Թեհրան չվերթ կատարող Տու-154 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Ինչպես նշվում է նախագահ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, «ուղեւորատար ինքնաթիռի կործանումն ու բազմաթիվ մարդկանց մահը մեծ վիշտ եւ տախիծ են պատճառել»:

Հաղորդագրության համաձայն, Ահմադինեժադը երկրի տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է անհապաղ հետաքննություն սկսել ավիավթարի հանգամանքների պարզման համար եւ ներկայացնել արդյունքները, հաղորդում է ynetnews.com-ը:

Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:
Ինքնաթիռում եղել են 153 ուղեւորներ ու անձնակազմի 16 անդամներ:Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել:
Caspian Airlines-ը համատեղ ռուս-իրանական ավիաընկերություն է, հիմնվել է 1993թ. եւ օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա առաջին ավիավթարն է Caspian Airlines-ի պատմության մեջ: