17 հուլիսի 2009 - 12:34 AMT
Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» համար գոլով է աչքի ընկել Եվրոպայի լիգայի առաջին իսկ խաղում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը, որտեղ Դոնեցկի ակումբը 3:0 հաշվով համոզիչ հաղթնակ տարավ Մինսկի ՄՏԶ «ՌԻՊՈ»-ի հանդեպ:

Հայ ֆուտբոլիստն ամենաակտիվն էր թիմում եւ ողջ խաղի ընթացքում սպառնալիք էր մրցակցի դարպասապահի համար:

Առաջին գոլը խփվեց 34-րդ րոպեին Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ, որի փոխանցումից հետո Մգունիին այլ բան չէր մնում, քան ուղարկել գնդակը դատարկ դարպասը: Երկրորդ գոլի հեղինակը 42-րդ րոպեին դարձավ ինքը Մխիթարյանը:

Վերջին գոլը 66-րդ րոպեին խփեց հարձակվող Ալեքսեյ Գոդինը:

Նշենք, որ Մխիթարյանը խաղը սկսեց հիմնական կազմում եւ բոլոր 90 րոպեներն անցկացրեց դաշտում:

Մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որը նույնպես հայտագրված էր այս խաղի համար` Արարատ Առաքելյանը այդպես էլ դաշտ դուրս չեկավ: