17 հուլիսի 2009 - 15:40 AMT
Ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում
ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը վկայում է այն մաիսն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտենում է իր ավարտին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նշել է, որ չի հասկանում քաղաքական ուժերի զարմանքը, քանի որ մադրիդյան սկզբունքները նորություն չէին քաղաքական գործիչների ու հանրության համար: «Համանախագահ երկրների դիրքորոշումը, հատկապես ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը, ժամանակ չի տա ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի նախագահներին, ձգձգելու համար համաձայանգրի կնքումը: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը փորձում են երկարացնել այս գործընթացը, քանի որ յուրաքանչյուրն իր շահերն ունի»,-ասել է Սուրենյանցը` հավելելով, որ միջնորդները ցանկանում են մինչեւ տարեվերջ ինչ-որ ձեւակերպում տալ մադրիդյան սկզբունքներին:

«Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից հետո, հակամարտության մասնակիցները «ակտիվ գործունեություն են սկսել»,-հայտարարել է Սուրենյանցը, հիշեցնելով Ալիեւի վերջին հայտարարությունը Լոնդոնում, որն առավել ագրեսիվ էր, քան նրա հայտարարությունները մինչ Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ հայտարարությունը: Սուրենյանցը նաեւ նշել է, որ Հայաստանը եւս իր քայլն արեց: «Կազմակերպված «շոուն» Ստեփանակերտում, այսինքն Համահայկական համաժողովը հայ իշխանությունների ձեռքի գործն է»,-նշել է նա:

Ըստ նրա, ցանկացած սկզբունքներ ունեն իրենց թերությունները եւ չեն կարող իդեալական լինել, սակայն մադրիդյան սկզբունքները կարող են հիմք ծառայել խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման համար: «Կարգավորման գործընթացի ձգձգումը Հայաստանի դեմ է աշխատում: Տասը տարի առաջ մենք առավել բարենպաստ պայմաններ ունեինք Ղարաբաղի հարցը լուծելու համար, քան այժմ, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի 10 տարի անց, եթե հարցն այդպես էլ չլուծվի»,-հայտարարել է Սուրենյանցը: