17 հուլիսի 2009 - 20:43 AMT
ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից ձախողման է դատապարտել հակամարտության կարգավորման ջանքերը
Արցախի քաղաքական կուսակցությունները, որպես Արցախի ժողովրդի քաղաքական մտքի եւ կամքի հիմնական արտահայտողներ, հավատարիմ մնալով Արցախի անկախ պետականության սկզբունքներին, որոնք արտահայտվել են միջազգային ճանաչված չափանիշներով 1991 թվականի համաժողովրդական եւ 2006 թվականի Սահմանադրության ընդունման հանրաքվեներով, հաստատում են, որ ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաեւ ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը եւ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը:

«Վերը նշված հաստատումից ելնելով` մեկ անգամ եւս պահանջում ենք.- հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ապահովելով ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին, չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է ու ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը:

Մենք համոզված ենք, որ վերոհիշյալ պահանջները չիրականանալու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետեւանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա:

ԼՂՀ քաղաքական կուսակցությունները զորակցություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին եւ պաշտպանելով ԼՂՀ ԱԳՆ 2009 թվականի հուլիսի 15-ի հայտարարությունը, կոչ են անում Արցախի բնակչությանը ցուցաբերել միասնականություն, վճռակամություն եւ զգոնություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, «Արցախի Արմենական» կուսակցությունը, «Բարոյական վերածնունդ» կուսակցությունը, ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, «Շարժում-88» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը: