17 հուլիսի 2009 - 22:25 AMT
Ադրբեջանցի մարզիչները սկանդալ են սարքել Հայաստանի բասկետբոլի հավաքականի հետ խաղի ժամանակ
Ադրբեջանի բասկետբոլի պատանեկան հավաքականի պարտությունը իրենց հայ հասակակիցներից Վրաստանում անցնող մրցաշարի շրջանակներում, դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է ExtraTime.az-ը, խաղի ժամանակ ադրբեջանական թիմում թիմի գլխավոր մարզիչ Թաիր Ուրազաեւի եւ Ադրբեջանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախկին նախագահ Էլհան Աղաեւի դրդմամբ վիճաբանություն առաջացավ:

Ինչ-ինչ պատճառներով թիմի ղեկավարումը ստանձնեց Աղաեւը, պատճառաբանելով իր որոշումը նրանով, որ ինքը երիտասարդության ու սպորտի հարցերով նախարարության ներկայացուցիչն է ու ինքն է գլխավորը: Ուրազաեւը դեմ է դուրս եկել Աղաեւի որոշմանն, սակայն Աղաեւն անդրդվելի է մնացել:

«Խաղը ղեկավարում էր Էլհան Աղաեւը, եւ նույնիսկ չգիտեմ, թե ինչո՞ւ,-հարց է տալիս Ուրազաեւը:-Թիմի գլխավոր մարզիչը ես եմ, սակայն նա ասաց, որ նախարարության ներկայացուցիչն ինքն է, ուստի գլխավորը ինքն է: Արդյունքում նա ցուցումներ տվեց տղաներին անհատական խաղ ցուցադրել, թեեւ մեր խաղացողները դեռեւս չեն կարողանում անհատական խաղ ցույց տալ»,-պատմում է Ուրազաեւը:

«Հայկական թիմում շատ բարձրահասակ խաղացող կար,որին դժվար էր զսպել: Նա իր տարիքից մեծ էր երեւում եւ այնքան գնդակ գցեց, որքան հնարավոր էր: Ես էլ սկսեցի բողոքել, պատճառաբանելով, որ մրցումներում չի կարելի փորձեր անել: Ես մտածեցի, որ նախարարության ներկայացուցիչը, ակսակալը սկանդալ չի բարձրացնի: Խաղի ժամանակ նա մեր երկու բարձրահասակ խաղացողներին թողեց երեքի փոխարեն: Արդյունքում ես չցանկացա շարունակել վեճը Էլհան Աղաեւի հետ, քանի որ դա լավ չէր անդրադառնա Ադրբեջանի իմիջի վրա»,-ասել է Ուրազաեւը:

Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 9-ին հայկական թիմը հաղթեց ադրբեջանական թիմին 74:61 հաշվով: