20 հուլիսի 2009 - 15:53 AMT
Նախագահները առաջընթաց են գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, սեպտեմբերին համանախագահները կժամանեն տարածաշրջան, նախապատրաստելու համար Մոսկվայում կայանալիք հնարավոր հանդիպումը: «Ես զգում եմ, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Նախագահների մոսկովյան հանդիպումից հետո որոշ հույսեր առաջացան»,-ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը նշել է նաեւ, որ համաձայնության որոշ սկզբունքներ հրապարակվեցին, աշխատանքը դրանց վրա շարունակվում է: Ըստ նրա, հայկական զորքերը պետք է լքեն այսպես կոչված «գրավյալ տարածքները», որից հետո արդեն կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը:

«Երբ ես խոսում եմ կարգավորման ակտիվացման մասին, ես առաջին հերթին նշում եմ ՌԴ-ի ակտիվացումն այդ հարցում»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է Trend News-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 17-18-ին բանակցել են Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Վերջին տարում սա Ալիեւ-Սարգսյան արդեն վեցերորդ հանդիպումն է: