20 հուլիսի 2009 - 20:39 AMT
Հայաստանի վեց առաջնորդ կանանց մասին ֆիլմ է նկարահանվել
Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կին առաջնորդները հանուն հավասարության» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է կանանց դերակատարության բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում: Ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստագրական ֆիլմ, որը ներկայացնում է մեր երկրում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող վեց կանանց` նրանց թվում ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին եւ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին: Ֆիլմը ցուցադրվել է ՀՀ 10 մարզերում, 40 եւ ավել համայնքներում եւ ըստ հասարակական կազմակերպության այն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ եւ ոգ-որությամբ: Ֆիլմին հաջորդել է եռօրյա սեմինար-քննարկումներ նշված համայնքներից ընտրված 40 ամենաակտիվ աղջիկների եւ կանանց մասնակցությամբ:

Ողջունելով հյուրերին, ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը նախ նրանց ծանոթացրեց Հայաստանի օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը:

Նշելով, որ տարբեր կուսակցություններից 12 կին պատգամավոր է ընտրվել, տիկին Պետրոսյանն ասաց, որ նրանց մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին ակտիվ է, իսկ ձեռագիրը` ակնհայտ: Այս իրողությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ կանայք կարող են եւ պետք է իրենց մասնակցությունն ունենան օրենսդիր իշխանությունում ընտրողի, ժողովրդի կամքը, ծրագրերը իրականացնելու, ավելի սոցիալական ուղղվածությամբ շեշտադրումներ կատարելու համար:

Հաջողություն եւ կանացի երջանկություն մաղթելով ներկաներին, ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը հասարակական կազմակերպություն հետ կշարունակվի:

«Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Սիմոնյանը շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ընդունելության համար, վստահեցրեց, որ խորհրդարանի եւ հասարակական կազմակերպության գործակցությունը կլինի շարունակական:

Կազմակերպության կողմից իրականացված ծրագրի մասնակիցներին` համայնքներից ընտրված 40 աղջիկներին եւ կանանց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլի կողմից հանձնվեցին վկայականներ, իսկ ծրագրում նշանակալից ավանդի համար ֆիլմի մասնակիցներին` շնորհակալագրեր, ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ: