Թուրքիան դեռեւս հստակ չգիտի, թե ինչ է ցանկանում հայ-թուրքական գործընթացից

PanARMENIAN.Net - Թուրքիան դեռեւս համոզված չէ, թե ինչ է ցանկանում հայ-թուրքական գործընթացից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանի արձագանքը եւ գերագնահատեց իր հզորությունը: Այսօր դեռեւս հնարավորություն կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, սակայն մեծ տարբերություն կա հարաբերությունների կարգավորման եւ հաշտեցման միջեւ»,-ասել է հայ փորձագետը:



Հայ-թուրքական հարաբերություններում Ռ.Կիրակոսյանը դրական առաջխաղացում է համարել այն, որ, չնայած, որ սահմանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ փակ է մնում, «սահմանը բացվել է երկու երկրների շատ մարդկանց մտքերում»: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից հետո սահմանները բացվեցին թուրք մտավորականության ներկայացուցիչների մտքում: Այդ ընթացքում ակտիվ քննարկումներ գնացին Հայոց ցեղասպանության քննարկման հարցում, եւ դա տեղի ունեցավ հատկապես Թուրքիայում: Ամենակարեւոր հարթակը Հայոց ցեղասպանության քննարկման համար Թուրքիան է, ոչ թե Վաշինգտոնը կամ Բրյուսելը: Հենց դա որոշիչ կլինի, կդառնա արդյոք Թուրքիան նորմալ երկիր, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը թե ոչ»,-ասել է փորձագետը:



Նա համոզվածություն է հայտնել, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը կմեկնի Թուրքիա Հայաստան-Թուրքիա հավաքականների պատասխան խաղին: «Այս անգամ գերտերությունների ճնշումն ուղղված կլինի Թուրիքայի վրա, քանի որ ակնկալիքներ կան Անկարայից, ոչ թե Երեւանից: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դժգոհ կլինեն, եթե «թուրքական դրաման» չհասնի իր բարեհաջով ավարտին»,-հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---