22 հուլիսի 2009 - 11:53 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բարձր մակարդակով նոր հանդիպման նախապատրաստման համար: Այդ մասին նշվում է միջնորդների հայտարարության մեջ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 17-18-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հերթական հանդիպումն են անցկացրել Մոսկվայում: Հանդիպման ընթացքում նախագահները դեմ առ դեմ եւ համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Բերնար Ֆասեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Հուլիսի 15-ին նախագահները հանդիպել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բանակցություններն ընթացել են գործարար եւ կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կազմող առաջարկությունների մանրամասները, որոնց շուրջ պետք է հայեցակարգային համաձայնագիր ձեռք բերվի», - նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ-ը հուլիսի վերջին կհավաքվի Կրակովում` Ակվիլում G8 գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների ընդունած հայտարարությանը համապատասխան նորացված Մադրիդյան փաստաթղթի նախապատրաստման նպատակով: