22 հուլիսի 2009 - 13:16 AMT
Իրանում կրկին ցրվել է բողոքի գործողությունը
Երեքշաբթի օրը` հուլիսի 21-ին, Իրանում կայացած նախագահական ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց, պարտված թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Չնայած զանգվածային ցույցեր անցկացնելու իշխանությունների արգելման, ցուցարարները հավաքվել էին քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: Նրանք միաձայն բղավում էին «Կորչի բռնապետը» եւ «Ահմադինեժադ հրաժարական ներկայացրու» կարգախոսները: Ականատեսների խոսքերով, գործողության մասնակիցներին ցրել են ոստիկանության շուրջ երկուհարյուր աշխատակիցներ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մարդիկ: Մի քանի տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:

Վերջին անգամ Մուսավիի կողմնակիցները բողոքի գործողություն անցկացրել էին հուլիսի 17-ին Թեհրանում, ավանդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Իրանի ընդդիմությունը պնդում է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են գործող նախագահի` պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի օգտին: Այդ տեսակետին համամիտ է նաեւ Իրանի նախկին նախագահ Ալի Հաշեմի Ռաֆսանջանին, որը բարեփոխական հայացքների տեր է: Այն բանից հետո, երբ նա հրապարակորեն կասկածի էր ենթարկել ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ նախազգուշացրել, որ երկրին քաղաքական ճգնաժամ է սպասվում, պահպանողական վերնախավի ներկայացուցիչները հայտարարարել են, որ Հաշեմին աջակցում է «իրավախախտներին»: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ճանաչել է քվեարկության արդյունքները, հաղորդում է Deutsche Welle-ը: