Թմրամոլությունից բուժվելու նպատակով ՀՀ համապատասխան կենտրոն է դիմել 490 մարդ

PanARMENIAN.Net - Վերջին 7 տարում Հայաստանում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոկենտրոն» դիմողների թիվն ամեն տարի աճում է 100 տոկոսով, իսկ թմրամոլների թիվը` 10 տոկոսով: Եթե 2001թ. թմրամոլությունից բուժվելու նպատակով դիմել էր 7 մարդ, ապա 2008-ին նրանց թիվը 490 էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոկենտրոնի» ղեկավար Պետրոս Սեմերջյանը:



«Տարածաշրջանի երկրների թվում Հայաստանում ամենահուսադրող տվյալներն են: Մեզ մոտ գրանցված է 1141 թմրամոլ, այն դեպքում երբ Ադրբեջանում նրանք 28 հազար են, իսկ Վրաստանում` 45 հազար: Իսկ Իրանում այդ թիվն ուղղակի սարասփելի է` 3,5 մլն մարդ»,-ասել է Սեմերջյանը եւ միաժամանակ ընդգծել, որ ըստ միջազգային համակարգով արված հաշվարկների Հայաստանում շուրջ 30 հազար մարդ թմրանյութերից կախվածություն ունի:



Ըստ Սեմերջյանի, Հայաստանում թմրամոլությունից տառապում են 25-45 տարեկան անձիք, բոլոր սոցիալական խմբերից:



«Մեր երկրում ՀՀ քաղաքացիների համար թմրամոլությունից բուժումն անվճար է: Բուժումը կարող է տեւել 10 օրից մինչեւ 6 ամիս, իսկ կախվածություն կարող է առաջանալ առաջին իսկ երակային ներարկումից»,-ասել է Սեմերջյանը:



Նա նաեւ հավաստիացրել է, որ թմրամոլությունը չի պատճառաբանվում մտածելակերպով եւ եթե ՀՀ-ում թմրամոլների քանակն այնքան մեծ չէ, ապա միայն ՌԴ-ում կա թմրանյութերից կախվածություն ունեցող շուրջ 45 հազար հայ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---