22 հուլիսի 2009 - 17:10 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր է խթանել ներքին տուրիզմի զարգացումը Հայաստանում եւ ԼՂՀ-ում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ասպար Ուայլդ Տուր» զբոսաշրջային կազմակերպություն, որը 2006 թվականից կազմակերպում է զբոսաշրջային տուրեր Հայաստանի եւ Ղարաբաղի տեսարժան վայրեր եւ փորձում ընդլայնել իր ծառայությունները, ներկայանալ նորովի, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կազմակերպության գործունեությունը համահունչ է Հայաստանում տուրիզմի զարգացմանը միտված կառավարության ծրագրերին եւ հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ համագործակցության պայմաններում դրանք կիրականացվեն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը այս տարի հանդես է եկել տուր-օպերատորներին աջակցելու մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է խթանել ներքին տուրիզմի զարգացումը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

ԼՂՀ-ի տեսարժան վայրերը ներկայացնող ճանաչողական ֆիլմի դիտումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հուլիսի 8-ին կառավարությունում ներկայացված «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթին, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել գործակալությունների ներկայացուցիչների եռօրյա ճանաչողական այցը ԼՂՀ եւ համապատասխան քննարկումների արդյունքները, ընդգծել, որ բացահայտվել են Արցախում զբոսաշրջության զարգացման իրական հնարավորությունները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

ՀՀ վարչապետը միաժամանակ շեշտել է ներքին տուրիզմի զարգացման նպատակով ոլորտի ուսումնասիրության անհրաժեշտությունը, կարեւորել խոշոր ձեռնարկությունների եւ տուրիստական գործակալությունների համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ երկխոսության շարունակականության ապահովումը կառավարության եւ զբոսաշրջային կազմակերպությունների միջեւ: