22 հուլիսի 2009 - 18:54 AMT
Թուրքիայում կարող է կրկնվել բանակի իշխանության գալու սցենարը
Ծայրահեղ ազգայնականների «Էրգենեկոն» կազմակերպության բացահայտումն ու ողջ դատական գործընթացը Թուրքիայի նորագույն պատմության ամենակարեւոր ու նշանակալի իրադարձություններից մեկն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Փորձագետները նշում են, որ «Էրգենեկոնը» նույնն է, ինչ «խորքային պետությունը», որի միջոցով իրականացվում է Թուրքիայի քաղաքականությունը: Մյուս կողմից, այդ կազմակերպությունը բնութագրվում է որպես պայքար իսլամիստների ու աշխարհիկ իշխանությունների կողմնակիցների միջեւ»,-ասել է փորձագետը:

Ըստ Ռ.Մելքոնյանի, «Էրգենեկոնի» հիմնական նպատակն է ահաբեկչության միջոցով Թուրքիայում քաոսային իրավիճակ ստեղծել, որի արդյունքում բանակը կկարողանա իշխանության գալ: «Թուրքիայի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ բանակն է եկել իշխանության եւ այսօր նման սցենարը եւս չի բացառվում»,-ասել է թրքագետը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին, թե ինչպես է անդրադառնում «Էրգենեկոնի» խնդիրը Թուրքիայի եվրաինտեգրման վրա, Ռ.Մելքոնյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բացառի բանակի մասնակցությունը երկրի քաղաքական գործընթացներին: «Այսօր Թուրքիայի քաղաքականությունն իրականացնում է երկրի գլխավոր շտաբը: Եթե իշխանություններին հաջողվի հեռացնել գլխավոր շտաբին քաղաքական գործընթացներից, ապա դա դրական կանդրադառնա ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վրա»,-ասել է թրքագետը:--