Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (AAA) հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առնչությամբ: Ինչպես նշվում է AAA-ի PanARMENIAN.Net ին տրամադրված հայտարարության մեջ, Համագումարը կրկին հաստատում է իր դիրքորոշումն այն հարցում, որ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:



«Ղարաբաղյան հակամարտության խնդիրը բարդ է եւ ժամանակ է պահանջում բոլոր կողմերի, եւ առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի, համար ընդունելի որոշման ձեռքբերման նպատակով: Բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանը հայտարարել էր, որ համաձայնագիր չի կարող ձեռքբերվել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ ժողովրդի համաձայնության: Մենք լիովին հավանություն ենք տալիս այդ մոտեցմանն ու ԵԱՀԿ Մնիսկի խմբի համախագահներին կոչ ենք անում ինչքան հնարավոր է շուտ ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին: Միջնորդները բազմիցս հանդես են եկել վերջինիս օգտին», - նշվում է AAA-ի հայտարարության մեջ



Համագումարը նաեւ ԱՄՆ-ին կոչ է անում կատարել Բարաք Օբամայի նախընտրական խոստումը. ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն եւ երկարատեւ կարգավորման ձեռքբերման ուղղությամբ, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար եւ հիմնված լինի ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա: AAA-ն նաեւ հիշեցնում է, որ 1989 թվականին ԱՄՆ Սենատն ընդունել էր 178-րդ բանաձեւը, որում իր աջակցությունն էր հայտնել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներին»:



«Մենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին, Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ռազմատենչ ճոռոմաբանության դեմ: Նոր պատերազմը ոչ միայն կձախողի խաղաղ գործընթացը, այլեւ կհանգեցնի Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանը», - նշվում է AAA-ի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---