23 հուլիսի 2009 - 20:34 AMT
Հայաստանն ու Ադրբեջանը կիբերպատերազմի պայմաններում են գտնվում
Վերջին օրերին խակերները մի քանի կիբերհարձակումներ են գործել որոշ հայկական կայքերի վրա, այդ թվում, ՀՀ կառավարության կայքի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կայքի վրա: Ըստ Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, Հայաստանն ու Ադրբեջանը կիբերպատերազմի պայմաններում են գտնվում, եւ երբեմն այդ պատերազմին միանում է Թուրքիան` հարձակումներ գործելով սփյուռքի կայքերի վրա: Այդ մասին այսօր խոսվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կիբերանվտանգության մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկմանը, որի կազմակերպիչն էր Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ):

Ըստ Կիրակոսյանի, կիբերանվտանգության մակարադակի հետ կապված խնդիրները լուրջ սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար, քանի որ խոցելիությունը կիբերմիջավայրում խոցելի է դարձնում երկիրը նաեւ մարտի դաշտում: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի ելքը դեպի գլոբալ ցանց ամբողջությամբ կախված է Վրաստանից, ինչը եւս սպառնալիք է երկրի անվտանգությանն համար: