Եթե Բաքուն վստահ լիներ, որ կարող է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել, ապա պատերազմ կսկսեր

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի զինված ուժերը գոնե մի անգամ վստահ լինեն, որ կարող են Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել, ոչ մեկից չեն հարցնի` միանգամից կսկսեն մարտական գործողությունները. Այդ մասին Ստեփանակերտում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Առկա ,ոչ պատերազմ, ոչ խաղաղությունե իրավիճակում պաշտպանության բանակի բոլոր զինծառայողներն ունեն համապատասխան խնդիր` անընդհատ ճնշել հակառակորդին եւ նրան թույլ չտալ առաջին գծում որեւէ առավելության հասնել: Եւ դա ղարաբաղյան բանակին հաջողվում է: Ավելին` անցած տարի, եւ այս տարի նույնպես ԼՂՀ ՊԲ-ին հաջողվել է բարելավել դիրքերը»,-ասել է Հակոբյանը:



Այս տարի մեզ հաջողվել է Արաքսի ափին 5 դիրք առաջ տանել, իսկ անցած տարի էլ դիրքերը բարելավել հյուսիսային ուղղությամբ: Առաջին գծում, ըստ նախարարի, արվում է հնարավորը` բարենպաստ դիրք ունենալու համար, ինչը հետագայում կօգնի նաեւ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Դա նաեւ ապացույց է հակառակորդի համար, որ եթե փորձեն անել այն, ինչ անցած տարվա մարտի 3-4-ն են արել (հակառակորդը փորձել է դիրքերը գրավել Մարտակերտի ուղղությամբ, սակայն 11 դիակ թողնելով` հեռացել է), իրենց չի հաջողվելու:Ադրբեջանի կողմից դիրքերի բարելավմանն ուղղված փորձերի մասին, ասեմ, որ էական փոփոխություն չեն մտցնում առաջնային գծում: Այդպիսի փորձ էր արվել նաեւ օրերս` Միրբաշիրի ուղղությամբ. հակառակորդը զբաղեցնելով առաջին գիծը` խոշոր տրամաչափի դիպուկահարներ է հանել: Այդ ամենին հակազդելու համար ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից համապատասխան միջոցառումներն արդեն իսկ իրականացվել են:



Պատասխանելով լրագրողի` վերջերս պատերազմի վերսկսման եւ ղարաբաղյան կողմի հարձակման պատրաստակամության մասին պտտվող լուրերի վերաբերյալ հարցին`Հակոբյանն ասել է. «Պաշտպանության բանակն առաջին հերթին պաշտպանողական խնդիրներ է իրականացնում` ապահովելով ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, բայց չի բացառվում, որ իրավիճակն այնպիսին լինի, որ մենք հարձակվենք»,-ավելացրել է նախարարը:



Խոսելով բանակի պատրաստության եւ սպառազինությունների մասին` Մովսես Հակոբյանը շեշտել է, որ այն ինչ կա այսօր ՊԲ-ում բավական է, որ իր առջեւ դրված խնդիրը կատարի, սակայն, ըստ նախարարի, դա չի նշանակում, որ դրանով բավարարվում են: Այսօր էլ եղածը մարտական վիճակում պահելուն զուգահեռ անընդհատ միջոցառումներ են իրականացվում` նոր սպառազինություններ եւ տեխնիկա ձեռք բերելու համար:Նա հավաստիացրել է, որ բավականաչափ պաշտպանված է նաեւ ԼՂՀ օդային տարածքը: Ըստ նրա, չկա գեթ մեկ քառակուսի մետր տարածք, որ չի վերահսկվում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից: «Ավելին, վերահսկվում է նաեւ հակառակորդի օդային տարածքը, սահմանից տասնյակ կիլոմետրեր խորությամբ»,-ասել է Մ.Հակոբյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---