2009թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 207 729 մարդ

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով 2009թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 207 729 մարդ, լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ու տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, զբոսաշրջության ոլորտում անկում չկա եւ նույնիսկ մի փոքր աճ է գրանցվել` մոտ 0,1 տոկոս: «Անկում չի գրանցվել մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով»,-ասել է նա:



«Զբոսաշրջության ոլորտում Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 60 տոկոսը կազմում են սփյուռքահայերը, եւ այս տարի այդ գծով եւս անկում չկա»,-ասել է Ապրեսյանը: Նա նաեւ հավելել է , որ սփյուռքը միշտ մեծ ավանդ է ունեցել զբոսաշրջության եւ տնտեսության մեջ: «Սփյուռքը միշտ մեզ հետ է եղել, նույնիսկ Հայաստանի ամենադժվարին տարիներին, ինչպես նաեւ այժմ, ճգնաժամի պայմաններում»,-ասել է Ապրեսյանը:



Ինչ վերաբերում է տարիքային գործոնին, ապա այդ առնչությամբ զբոսաշրջության վարչության պետը նշել է, որ 2008թ. ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում պատկանում էր ավագ տարիքային խմբին, որոնք իրենց կայացած գերակայություններ ունեն, եւ որոնց վրա, ըստ Ապրեսյանի, ճգնաժամը չի անդրադառնում: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանում անբավարար են զարգացած զբոսաշրջության այլընտրանքային ձեւերը, ինչով էլ բացատրվում է երիտասարդների ոչ այնքան մեծ հետաքրքրությունը:



Հաջորդ օբյեկտիվ գործոնը, որը կանխեց անկումը այս ոլորտում, զբոսաշրջության զարգացմանն ուղղված պետություան քաղաքականությունն է, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը, որը սկսել է արագ տեմպերով զարգանալ Հայաստանում: «Մենք բավական ակտիվ ենք ներկայացնում մեր երկիրն արտերկրում մարքեթինգի առումով, եւ դա եւս վկայում է, որ անկում չկա»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---