24 հուլիսի 2009 - 18:05 AMT
Գալուստ Սահակյան. Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել
«Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը չի նշնակում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում: Հավանաբար, համանախագահները հարկ համարեցին բացահայտ քննարկել բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դա շատ դրական քայլ է»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Սահակյանը մադրիդյան սկզբունքները որպես առաջընթաց է գնահատել բանակցություններում եւ ընդգծել է, որ մադրիդյան սկզբունքներում առաջին անգամ գրանցվել է ինքնորոշման միջոցով Արցախաի կարգավիճակի որոշման դրույթը:
Գ.Սահակյանը կրկին ընդգծել է, որ դեռեւս չլուծված են մնում անվտանգության երաշխավորման ու փախստականների վերադարձի հարցերը, որոնք լուրջ քննարկում են պահանջում: Նա կրկին ասել է, որ Հայաստանի համար ամենակարեւորը Արցախի կարգավիճակն է, իսկ մյուս հարցերը երկրորդական են: «Իսկ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-մամլո ասուլիսն ամփոփել է Գ.Սահակյանը: