25 հուլիսի 2009 - 15:39 AMT
Իրինա Գաչեչիլաձե. Մենք ընտրեցինք մի օպերա, որի բովանդակությունը շատ ակտուալ է
2009թ. Հայաստանում Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ անցնում են Վրացական մշակույթի սեզոնները: Միջոցառման շրջանակներում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվում է «Դոն Ժուան» օպերային ներկայացումը, որի առաջին ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

«Հայ-վրացական համատեղ նախագծում զբաղված են հայ դերասանները եւ ՀՀ Սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ: Մնացած աշխատանքը կատարում է վրացական կողմը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Դոն Ժուան»-ի ռեժիսոր ու բեմադրիչ Իրինա Գաչեչիլաձեն:

Ըստ նրա, օպերային ներկայացումն արված է նորագույն տարրերով, ինչն արտահայտվում է ոչ միայն դեկորացիաներում, այլ նաեւ բովանդակության մեջ:

«Մենք ընտրեցինք այս օպերան, քանի որ բովանդակությունը շատ ակտուալ է: Անբարոյականությունն այսօր շրջապատում է մեզ ավելի, քան երբեք: Իսկ մտածել դրա շուրջ մեզ թույլ չի տալիս կյանքի կատաղի ռիթմը»,-ասել է Գաչեչիլաձեն: «Դոն Ժուան» ներկայացուցմը հայ հանդիսատեսը կտեսնի նաեւ աշնանը:

Լորենցո դա Պոնտեի լիբրետտոյով Մոցարտի երկու արարից բաղկացած «Դոն Ժուան կամ պատժված անբարոյականը» «ուրախ դրամայի առաջին ցուցադրությունը եղել է 1787թ. հոկտեմբերի 29-ին Պրահայի «Սոսլովնի» թատրոնում: Պրահան հիացած էր «Ֆիգարոյի ամուսնությամբ» եւ 1787թ. փետրվարին Մոցարտը պայմանագիր կնքեց թատերական ձեռներեց Պասկուալե Բոնդինիի հետ` Պրահայի թատրոնի համար նոր օպերա գրելու վերաբերյալ: Մոցարտի ու Դա Պոնտեի աշխատանքը հեշտությամբ էր ընթանում եւ առաջին ցուցադրությունը, Մոցարտի արտահայտությամբ, «անցավ շռնդալից հաջողությամբ»:--