25 հուլիսի 2009 - 16:20 AMT
Այսօր Բաքուն Երեւանի հետ բանակցությունների կարիքն ավելի շատ ունի, քան Հայաստանը
Հայաստանը պետք է միաժամանակ ե'ւ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, եւ պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը : «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել փոխզիջման ճանապարհով, քանի որ այն էթնիկ պայքար է: Շատ քաղաքագետներ սխալաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համեմատում են ֆրանկո-գերմանականի հետ: Եթե Ղարաբաղի դեպքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ապա ֆրանկո-գերմանական հակամարտությունների դեպքում, Էլզաս-Լոթարինգիայի էթնիկ պատկերը ոչ մի փոփոխություն չի կրել», - ընդգծել է հայ փորձագետը:

Էդուարդ Աբրահամյանը նշել է, որ ճիշտ չէ ղարաբաղյան խնդրի լուծման համար փոխադարձ զիջումների մասին խոսելը եւ միայն տարածքային զիջումները նկատի ունենալը: «Տարածքը հանձնել կարելի է միայն մեկ այլ տարածքի դիմաց: Հարկ է նշել, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցության հաստատման կարիք ունի: Հետեւաբար, նա Հայաստանի հետ բանակցություններ վարելու կարիքն ավելի շատ ունի, քան մենք, քանի որ հայկական կողմն ինչպես ռազմական, աշխարհագրական, այնպես էլ էթնիկ առումով, լուծել է իր խնդիրները: Այնպես, որ բանակցությունների շարունակմամբ պետք է Բաքուն ավելի շահագրգռված լինի, քան մենք», - հայտարարել է փորձագետը:

Անդրադառնալով վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքներին, Էդուարդ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը, հրապարակելով այդ սկզբունքները, հասկացրել է, որ որոշ առումով համաձայն է դրանց: -Շ-