Սեւանի երկրորդ բարեգործական տրիատլոնը հավաքել է 9 հազար դոլար

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ անգամ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը Սեւանի ափին կազմակերպում է բարեգործական տրիատլոն` վազք, հեծանվավազք եւ լող: Մրցումներին, որոնք անցել են օլիմպիական եւ կարճ ձեւաչափով մասնակցել են ինչպես առանձին անհատներ, այնպես էլ թիմեր:



Օլիմպիական ձեւաչափ` 1,5 կմ լող, 40 կմ հեծանվավազք եւ 10 կմ` վազք:



Կարճ ձեւաչափ` 500 մ լող, 26 կմ հեծանվավազք եւ 5 կմ վազք:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել մրցումների կազմակերպիչ` ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչ Զակ Բուրսթեյնը, այս տարի մրցումներին մասնակցել է շուրջ 75 մարդ: Մասնակիցների թվում էին դեսպանատան, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հայաստանաբնակ ամերիկացիներ, ինչպես նաեւ հայեր:



Հավաքված գումարը, ինչպես եւ անցյալ տարի, կօգտագործվի բարեգործական նպատակներով: Ըստ Բուրսթեյնի, եռամարտի արդյունքում հավաքվել է 9000 դոլար, որը կհատկացվի Ամերիկայի վիրավոր ծովային հետեւակայինների հիմնադրամին, ինչպես նաեւ «Տիրամայր» ամառային ճամբարին, որտեղ հանգստանում են երեխաներ Հայաստանի անապահով ընտանիքներից:



Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչները մտադիր չեն սահմանափակվել այդ գումարով, նվիրատվությունների հավաքագրումը կշարունակվի մեկ ամսվա ընթացքում: Բարեգործական նպատակից բացի, կազմակերպիչները քարոզում էին առողջ ապրելակերպ: Բոլոր երեք մրցումների ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:



Առաջին տրիատլոնը, որ կայացավ 2008-ին, հավաքեց շուրջ 10 000 ԱՄՆ դոլար:



Հիշեցնենք, որ PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---