28 հուլիսի 2009 - 15:31 AMT
Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալը
Հուլիսի 22-ին Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, 35-ամյա Արա Տերունյանը: Սպանությունը տեղի է ունեցել 11:08-ին Արեւմտյան Կոլորադո փողոցում: Տերունյանն ու նրա կինը եղել են իրենց ավտոմեքենայում, երբ մարդասպանը մոտեցել է մեքենային ու կրակ է բացել նրա ուղղությամբ: Մինչ ոստիկանությունը կժամաներ պատահարի վայր, Արա Տերունյանն արդեն զոհվել էր: Asbarez.com-ը գրում է, որ Տերունյանը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «Արարատ» բանկում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել «Արարատ» բանկի մամլո քարտուղար Արաիկ Մանուկյանը, Արա Տերունյանն աշխատել է բանկում 6-7 տարի առաջ եւ զբաղեցրել է բանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նա աշխատել է ընդամենը 3-4 ամիս: Բացի այդ, Տերունյանն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում»,-նշել է Արաիկ Մանուկյանը: