28 հուլիսի 2009 - 20:26 AMT
Սերժ Սարգսյանը չի գնա Արցախի շահերին հակասող զիջումների
ԼՂՀ իշխանություները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում անվերապահորեն վստահում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նման հայտարարությամբ այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հանդես է եկել «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Ինչպես ընդգծել է Հարությունյանը, դրանում ինքը համոզվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրային խորհրդի հանդիպմանը` վերջինիս Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում:

Հարությունյանի խոսքով, ԼՂՀ ղեկավարությունը վստահ է, որ բանակցություններում Սերժ Սարգսյանը չի գնա Արցախի կենսական կարեւորության շահերին հակասող զիջումների:

Հնարավոր տարածքային զիջումների մասին լրագրողների հարցին Հարությունյանը պատասխանել է, որ եթե «որոշ տարածքային զիջումների փոխարեն Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ Ստեփանակերտը ստանա անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, ապա զիջումների հարցն արժե քննարկել»: