Բաքուն չի խնայում հայկական պատմության խեղաթյուրման միջոցների վրա

PanARMENIAN.Net - Դեռեւս խորհրդային տարիներից Ադրբեջանը հակահայկական քարոզարշավ է մղում եւ խեղաթյուրում պատմությունը: Վերջին տարիներին պատմական փաստերի խեղաթյուրումն ու հակահայկական քարոզչության ուժեղացումը հսկայական մասշտաբներ է ձեռք բերել, քանի որ Բաքուն խոշոր ներդրումներ է կատարում ադրբեջանական ժողովրդի գիտակցության թունավորման գործում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է 1992-2000թթ. Լոնդոնում Հայաստանի պատվավոր հյուպատոս, պատմության եւ քարտեզագրության գրքերի հեղինակ Ռուբեն Գալիչյանը:



«Ներկայումս ադրբեջանական կողմն անգլերեն լեզվով հրատարակում է հակահայկական բովանդակությամբ գրքեր եւ հոդվածներ եւ անվճար հատկացնում դրանք աշխարհի զանազան երկրների հայտնի համալսարաններին, գրադարաններին եւ պետական կառույցներին: Բայց հայկական կողմը ոչ մի միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի դադարեցնի փաստերի խեղաթյուրումը: Ժամանակը կանցնի եւ աշխարհի գրադարաններում կհայտնվեն գրքեր, որոնք կներկայացնեն Ադրբեջանի շահերն ու մոտեցումները եւ Հայաստանի մոտեցումները ներկայացնող նյութերի բացակայության պայմաններում կաճի մի սերունդ, որը ճշմարտության փոխարեն կիմանա միայն խեղաթյուրված փաստերը»,- նշել է Ռուբեն Գալիչյանը:



Ելնելով ստեղծված իրադրությունից` Լոնդոնում Հայաստանի նախկին հյուպատոսը որոշել է հրապարակել իր գիրքը` «Ադրբեջանի հնարած պատմությունը. Ադրբեջան եւ Հայաստան, առասպելներ եւ փաստեր», որը կարող է պատասխան տալ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: «Իմ գրքում ես շոշափել եմ Ադրբեջան հանրապետության առաջացման պատմությունը 1918թ., բերել եմ պատմական փաստարկներ, որոնք բնորոշում են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը եւ Աղվանքը (Կովկասյան Ալբանիան): Գրքում վիճարկվում է Բաքվի կողմից առաջ մղվող այն գաղափարը, որի համաձայն հայերը, իբր, եկվորներ են, իսկ ադրբեջանցիները` տարածաշրջանի բնիկ ժողովուրդ: Եթե ադրբեջանցիները պնդում են, որ XIX դարում Կովկասի հարավում եւ Արաքսի ափերին հայեր չեն եղել, ապա ինչու են պատմաբաններն ու ճանապարհորդները գրում եւ պնդում հակառակը: Ուրեմն ինչպես եւ որտեղից այն ժամանակ Շահ-Աբբասը 300 հազար հայ տեղափոխեց Պարսկաստան»,- նկատել է Ռուբեն Գալիչյանը:



Նրա խոսքով, Բաքուն չի քաշվում հայկական եկեղեցիները սեփականացնելուց` հայտարարելով, որ դրանք կառուցել են ալբանացիները, որոնք իբր իրենց նախնիներն են: Այդ ամենի հետ մեկտեղ Ռուբեն Գալիչյանն ընդգծել է, որ այսօր կան շատ գիտական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղում բնակվում են արդեն ավելի քան 4 հազար տարի:



Գրքում հեղինակը ներկայացնում է նաեւ այսօրվա Ադրբեջանի ու Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների ու հուշարձանների, Հին Ջուղայի հայկական խաչքարերի եւ Բաքվի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստեր եւ լուսանկարներ: «Այսօր Հայաստանը պետք է ամենուրեք եւ բոլոր ուժերով միջազգային հանրությանը ներկայացնի Ադրբեջանի քաղաքականությունը, դիմի միջազգային դատական ատյաններ, որպեսզի պաշտպանի իր մշակութային ժառանգությունը եւ դադարեցնի Բաքվի կողմից պատմության խեղաթյուրումը»,- ընդգծել է Լոնդոնում Հայաստանի նախկին հյուպատոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---