29 հուլիսի 2009 - 21:57 AMT
Microsoft եւ Yahoo կորպորացիաները գործընկերներ են դարձել որոնման շուկայում
Microsoft եւ Yahoo ընկերություններն այսօր պաշտոնապես հայտարարել են մի գործարքի կնքման մասին, որի համաձայն Yahoo-ն իր որոնողական սերվերը կփոխարինի իր նոր գործընկերոջ մշակմամբ` Bing որոնման համակարգով: Գործարքը կնքվում է 10 տարի ժամկետով: Այդ մասին հաղորդում է Microsoft կորպորացիան իր պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ:

Նախկինում լուրերն այդ մասին ոչ պաշտոնական էին, աղբյուրը The Wall Street Journal-ն էր: Ըստ այդ տեղեկությունների, մասնակիցներից յուրքանչյուրը պետք է կենտրոնանա իր պարտականությունների վրա: Դա նշանակում է, որ Yahoo-ն բացառապես կզբաղվի գովազդի վաճառքով եւ կհրաժարավի սեփական մշակումներից ինտերնետ-որոնման ոլորտում: Ըստ The Wall Street Journal-ի, Yahoo-ն գովազդ կվաճառի ոչ միայն իր պորտալի էջերում, այլ նաեւ Microsoft-ի որոշ կայքերում:

Bing որոնման սերվերը ներկայացվեց հանրությանը հունիսին: Մոտավորապես երկու շաբաթում այն կարողացավ զբաղեցնել ԱՄՆ-ի որոնողական շուկայի 12 տոկոսը:

2008թ. փետրվարին Microsoft-ը փորձեց կլանել Yahoo-ին: Գործարքի շուրջ բանակցությունների արդյունքում ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվեց Yahoo-ի ստեղծող Ջերի Յանգը: Այն մասին, որ Microsoft եւ Yahoo ընկերությունները վերսկսել են բանակցություններն որոնողական ու գովազդային համագործակցության շուրջ, հայտնի դարձավ 2009թ. ապրիլին: