30 հուլիսի 2009 - 14:01 AMT
Հայ-թուրքական հարաբերություններում եկել է իսկության պահը
Ի սկզբանե հայ-թուրքական բանակցություններում կասկասծներ կային Թուրքիայի անկեղծության առումով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով Թուրքիան կարող է օգտագործել այս բանակցություններն Արեւմուտքում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: «Արդեն բավական ժամանակ է անցել եւ այժմ հայ-թորքական հարաբերություններում եկել է իսկության պահը»,-ասել է ռուս փորձագետը: Ալեքսանդրովը շեշտը դրել է երկու ասպեկտի վրա` կամ Թուրքիան ցանկանում էր թուլացնել Հայաստանի դիրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչը լոկ Արեւմուտքին ուղղված քաղաքական քայլ է, կամ նա իրոք կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի ներկայությունը Երեւանում կայացած ֆուտբոլային խաղին որոշակի դիվանագիտական քայլ էր, որն ինչ-որ բան ասում է:

«Եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի երկու երկրների հարաբերությունների բարելավման համար, նա կասկածի տակ կդնի իր ճշմարիտ մղումները: Այդ դեպքում Հայաստանը պետք է կասեցնի բանակցությունները եւ վերսկսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը»,-ասել է ռուս փորձագետը:

Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:

Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում: