30 հուլիսի 2009 - 14:43 AMT
Հայաստանը բարձրորակ զինվորական կադրեր է պատրաստում
Ընդունելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 15-ամյակին նվիրված զինվորական շքերթը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորկան խոսքում ասել է, որ Հայաստանի ռազմակրթական հաստատությունները դարձել են որակյան մասնագետների նախապատրաստման կենտրոններ:

Ըստ նրա, Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնադրվեցին կանոնավոր բանակ ձեւավորելու դժվարին օրերին, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ: Այսօր արդեն կարող ենք ասել, որ բոլոր ռազմական կրթօջախներն էլ դարձել են ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոններ, ունեն ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ եւ փորձառու դասախոսապրոֆեսորական եւ հրամանատարական կազմ:

«Վստահ եղեք, որ նախորդ տարիների նման այսուհետ եւս բանակի կատարելագործման, բարձրակարգ սպայական կադրերով համալրման, սպաների, նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ գործունեության գերակայություններից մեկը: Այլ կերպ չի էլ կարող լինել»,-ասել է նախագահը: