30 հուլիսի 2009 - 17:16 AMT
ԱՀԿ. Նոր գրիպը մեկ տարվա ընթացքում կարող է վարակել Երկրի բնակչության մեկ երրորդը
Մեկ տարվա ընթացքում Երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը կարող է վարակվել նոր գրիպի A(H1N1) հարուցիչով: Այդ մասին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Կեյձի Ֆուկուդան:

«Վերջնական հաշվարկով նոր գրիպի վիրուսով վարակվածների թիվը երկրներում տարբեր է լինելու, սակայն ես չեմ կարծում, որ նշանակություն ունի, թե քանի հոգի կվարակվի` 20, 30, թե 40 տոկոսը: Ամեն դեպքում դա շատ մեծ թվեր են, որոնք պարզապես մեզ ասում են այն մասին, որ խոսքը գնում է պանդեմիայի մասին: Մենք պետք է սպասենք հիվանդացածների թվի աճին»,- ասել է Կեյձի Ֆուկուդան:

Նրա խոսքով, հաջորդ մի քանի ամիսների ընթացքում վիրուսը կշարունակի տարածվել ոչ միայն երկրից երկիր, այլեւ պետությունների ներսում:

Հիվանդությունների հսկողության եւ պրոֆիլակտիկայի Եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն, A(H1N1) հարուցիչով աշխարհում վարակվել են 175 785 մարդ, որոնցից 1116 մահացել են: