30 հուլիսի 2009 - 17:17 AMT
ՀԱԿ. Ղարաբաղյան բանակցային գործընթացում ՀՀ նախագահից ոչինչ կախված չէ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այնպիսի իրադրության մեջ է հայտնվել, երբ իրենից ոչինչ կախված չէ: Նա կհամաձայնի այն ամենին, ինչ իրեն կառաջարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում նախագահներից փոփոխություններ կարող է ներմուծել միայն Իլհամ Ալիեւը: «Սարգսյանը չի կարող անել դա, քանի որ երկրի ներսում ունի զրոյական լեգիտիմություն, խնդիրներ քաղբանտարկյալների հետ կապված եւ 2008թ. մարտի դեպքեր»,- մատնանշել է Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքով, ԼՂՀ շուրջ ներկայիս իրադրությունը շատ վտանգավոր է եւ բացահայտված Մադրիդյան սկզբունքներում հայկական կողմի համար ոչ մի դրական բան չկա: Նա նաեւ ավելացրել է, որ իշխանությունների պնդումներն այն մասին, որ այդ սկզբունքներում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին կետ, չի համապատասխանում իրականությանը: «Մադրիդյան սկզբունքներում կամքի արտահայտման մասին կետում չկա «Ժողովուրդ» բառը, ինչը կարող է ճակատագրական լինել ԼՂՀ համար»,- ընդգծել է Դավիթ Շահնազարյանը: