31 հուլիսի 2009 - 16:33 AMT
Հայաստանի տնտեսությունը թույլ է դիվերսիֆիկացված
Ճգնաժամից դուրս գալու առաջին փարոսները տնտեսության այն հատվածներն են, որտեղից ճգնաժամը սկիզբ է առել, գտնում է ՀՀ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, տնտեսության այն ոլորտները, որտեղ մենք առաջինը զգացինք ճգնաժամի ազդեցությունը, կլինեն այն փարոսները, որոնք կազդարարեն առողջացման մասին:

Ըստ Մանասերյանի, Հայաստանում տնտեսության զարգացման լոկոմոտիվը շինարարությունն է, որը ապահովում էր աշխատուժի ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ այլն: Սակայն, վերջին տարիներին, ըստ նրա, այդ ոլորտը չափից շատ կենտրոնացվեց, այն դեպքում, երբ էլիտար կառույցների մեծ պահանջարկ չկար: «Որոշակի փուլում հագեցում է լինում եւ շիանարարության աճի տեմպերն այլեւս չեն ապահովում տնտեսութան աճը»,-ասել է նա: Մանասերյանը նշել է նաեւ, որ ՀՀ տնտեսությունը թույլ է դիվերսիֆիկացված եւ պետք է զարգացնել այն ոլորտները, որոնք կկարողանան հեռանկարում ապահովել նրա աճը:

Ինչ վերաբերում է «Ազգային հիպոթեքային ընկերության» ստեղծմանը, ապա այդ առիթով Մանասերյանը նշել է, որ այն որոշակի ակտիվություն կառաջացնի ՀՀ հիպոթեքային շուկայում, մասնավորապես, կբարձրացնի մրցունակությունը շինարարական ընկերությունների ու շահագրգիռ կողմերի միջեւ: