31 հուլիսի 2009 - 18:49 AMT
Հայաստանում կանցկացվի տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության հետազոտություն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությամբ երկրի 11 մարզերում, այդ թվում` Երեւանում, 2009թ. հուլիսից իրականացնելու է 4248 տնային տնտեսությունների վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության մակարդակի նախնական իրավիճակի հետազոտություն, հաղորդում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը, ՊՀԾ ներկայացուցիչ/գրասենյակի տնօրեն Ա. Մահան, ՄԱՄՀ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համատեղ ծրագիր: ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տվյալների վերլուծության հարցում:

Ազգային գործընկերներն են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի մանդատը նախարարությանը եւ այլ պետական գերատեսչություններին փաստերի վրա հիմնված առաջարկությունների տրամադրումն է` սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության եւ ծրագրերի մշակման նպատակով:

Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն.ազգային սոցիալական մոնիտորինգի արդյունավետ ու գործուն համակարգի ստեղծումը, որը որոշում ընդունող մարմիններին հնարավորություն կտա ոչ միայն վերլուծել տնային տնտեսությունների կարիքավորության ներկա իրավիճակը, այլեւ առաջիկա մեկ եւ կես տարիներին իրականացնել պարբերական մշտադիտարկում եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ստեղծված աղքատության ու եկամուտների անհավասարության նվազեցումը:

Ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ճգնաժամի սոցիալական հետեւանքների բացահայտմանը, կանխարգելմանն ու հաղթահարմանը: