1 օգոստոսի 2009 - 13:51 AMT
Առաջ կարելի է շարժվել միայն առանց նախապայմանների
«Սահմանի հարցն, ըստ թուրքական տեսակետի, շատ բարդ խնդիր է, քանի որ Անկարան չի ցանկանում սահմանը բացել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղից փախած ադրբեջանցիները ստիպված են վտարանդի մնալ: Թուրքիան չի կարող հաշտվել գործերի նման իրավիճակի հետ: Սակայն դրա հետ մեկտեղ, Անկարան շահագրգիռ է սահմանի բացման հարցում, քանի որ մեկուսացված է մնում Թուրքիայի արեւելքում գտնվող մի ողջ տարածաշրջան: Նա զրկված է որեւէ շփումներից արտաքին աշխարհի հետ, չկա սահմանային առեւտուր, այսինքն այդ վիճակը ձեռնատու չէ Թուրքիային»,-գտնում է Deutsche Well-ի թուրքական խմբագրության ղեկավար Բահաեդդին Գյունգերը: Նրա խոսքերով, հաշտեցման առաջին խորհրդանշական քայլը, ըստ թուրքական տեսակետի, պետք է դառնար Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի այցը Երեւան: Հաշտեցման պատրաստակամության պատասխան քայլը պետք է լիներ ՀՀ նախագահի այցը, առանց որեւէ նախապայմանի, քանի որ նախապայմանի կատարումը, օրինակ, սահամնի հարցի լուծումը, զանգվածային բողոքներ կառաջացներ Թուրքիայում: «Առաջ կարելի է շարժվել միայն առանց նախապայմանների: Քաղաքական որոշումներին պետք է նախորդի վստահության մթնոլորտի ստեղծումը եւ հենց այդպես է հարկավոր ընկալել ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի ընձեռած հնարավորությունները: Այժմ կարելի է հուսալ միայն, որ Թուրքիան ինչ-որ քայլ կանի Հայաստանին ընդառաջ: Երկու երկրների քաղաքական գործիչները կարող էին նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դրա համար Հայաստանը պետք է հրաժարվի իր տարածքային պահանջներից Արեւելյան Անատոլիայում: Հայաստանն, ինչպես հայտնի է, դիտարկում է Արեւելյան Անատոլիայի մի մասը որպես հայերի բնակության պատմական տարածքներ: Այդ հավակնությունները շատ են մտահոգում Անկարային, որտեղ շատերը կարծում են, թե եթե Թուրքիան ինչ-որ բանում զիջի Երեւանին, ապա հայկական կողմից անմիջապես կհնչեցվեն տարածքային պահանջները, ինչպես նաեւ 1915թ. իրադարձությունների փոխհատուցման պահանջները: Իրավիճակը համեմատելի է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: Այստեղ եւս դժվար էր դրդել երկրներին իր մեղքը ճանաչելուն»,-ասել է Գյունգերը, հաղորդում է Deuetsche Welle-ն: