4 օգոստոսի 2009 - 20:01 AMT
Իրանում Հայաստանի նոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մանուչեհր Մոթթաքիին
Օգոստոսի 1-ին Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ժամանակ նախարար Մոթթաքին շնորհավորեց դեսպան Առաքելյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը, որը Հայաստանի անկախացումից ի վեր անմիջական մասնակցությունն է ունեցել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, պաշտոնավարման ընթացքում կկարողանա էլ ավելի նպաստել հարաբերությունների խորացմանը: Նախարար Մոթաքին անդրադարձավ բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունները, կարեւորեց երկու հարեւան երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնումը:

Հանդիպմանը նախարար Մոթթաքին անդրադարձավ նաեւ հայ-իրանական կապերը կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին եւ հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին:

Դեսպան Առաքելյանը, նախարար Մոթթաքիին փոխանցելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները, շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար եւ ասաց, որ ջանքեր չի խնայի նախանշված ծրագրերը իրականացնելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: