ՀՀ նախկին վարչապետը գտնում է, որ Հայաստանի նախագահը պետք է մեկնի Թուրքիա

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործընթացներով: Ճիշտ կլինի, եթե ՀՀ նախագահը մեկնի պատասխան ֆուտբոլային խաղի, քանի որ, երբ հարցը վերաբերում է պետության ազգային շահերին, ապա այստեղ «փողոցային հաշվեհարդարների» մոտեցումն անտեղի է»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ընդգծել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:



Ըստ Բագրատյանի, ՀՀ նախագահը պետք է մեկնի Թուրքիա, հակառակ դեպքում, հարաբերություններ հաստատելու ողջ գործընթացը կկորցնի իր նշանակությունը: Նախկին վարչապետը հայտարարել է նաեւ, որ նախագահի այցը Թուրքիա չի նպաստի կարեւոր հարցերի լուծմանը, սակայն եթե այն հետաձգվի, այսօրվա մանր հարցերը վաղը կարող են լուրջ խնդրի վերածվել:



Նա կարեւորել է համապատասխան աշխատանք տանելը թուրք հանրության հետ, Հայոց ցեղասպանության փաստի պարզաբանումը եւ այլն: ՀՀ կառավարության նախկին ղեկավարը նշել է, որ միեւնույն ժամանակ հարկավոր է զգուշավոր լինել, քանի որ Թուրքիայի տարածքը գերազանցում է մերը 25 անգամ, նույն իրավիճակն է նաեւ բնակչության հարցում, իսկ Թուրքիայի տնտեսության ներուժը, ըստ նրա, գրեթե 90 անգամ գերազանցում է ՀՀ տնտեսության ներուժը:



Իր հերթին Հայաստանի Միացյալ աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն ընդգծել է, որ կարելի է զգալի առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ կա երկխոսություն, տարվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»: «Ցանկացած դեպքում, կապերի զարգացումը երկու երկրների միջեւ եւ ձերբազատումը բարդույթներից ես դրական եմ գնահատում»,-ասել է նա:



Ըստ Արսենյանի, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բխում է ՀՀ քաղաքացիների շահերից: Նա նաեւ կարեւորել է, որ վերջին 800 տարում առաջին անգամ Հայաստանն ինքն է լուծում իր խնդիրները:



Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչ առաջընթաց կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացում, նա պատասխանել է, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում թշնամության մթնոլորտը զիջել է իր տեղը երկխոսության մթնոլորտին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---