5 օգոստոսի 2009 - 18:05 AMT
«ԱրմենՏելը» հայտարարել է «Շարժական օֆիս» ծառայության նոր սակագների գործարկման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Շարժական օֆիս» ծառայության նոր` «Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլաների գործարկման մասին:

Շարժական ինտերնետի ավելի շահավետ գներ նախատեսող նոր սակագնային պլաներին կարելի է անվճար միանալ Beeline բոլոր գրասենյակներում: Կանխավճարային SIM-քարտի արժեքն է 1000 դրամ, ընդ որում այդ գումարն ամբողջությամբ կմուտքագրվի բաժանորդի հաշվին: Հետվճարային քարտերը տրամադրվում են անվճար:

«Հիմնական» սակագնային պլանում փոխանցված/ստացված տվյալների 1 Մեգաբայթը արժե 15 դրամ:

«Գիշերային» սակագնային պլանը թույլ է տալիս ժ 24:00-ից մինչեւ 08:00 տվյալները փոխանցել/ստանալ անվճար: Ցերեկային ժամերին փոխանցված/ստացված տվյալների 1 Մեգաբայթի գինը կազմում է 20 դրամ: Այս սակագնային պլանում կիրառվում է 2500 դրամ ամսական բաժանորդային վարձ:
Միանալով «Անսահմանափակ» սակագնային պլանին, որի ամսական բաժանորդային վարձը կազմում է 12500 դրամ, բաժանորդը կարող է անվճար փոխանցել/ստանալ տվայլների անսահմանափակ ծավալ:

«Շարժական օֆիս»-ը պարզ, շարժական լուծում է GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաների միջոցով համակարգիչը ինտերնետ ցանցին միացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել Beeline SIM-քարտը մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին:

«Նոր սակագնային պլաները ստեղծված են հատուկ այն մարդկանց համար, ովքեր ակտիվ օգտվում են շարժական ինտերնետից: «Շարժական օֆիս» ծառայությունը թույլ է տալիս միանալ համացանցին ցանկացած վայրում, որտեղ առկա է Beeline բջջային ցանցը, իսկ նոր սակագներով ինտերնետն ավելի մատչելի կդառնա», - նշեց ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլաների համարներից դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի սակագինը կազմում է 60 դրամ: Դեպի Հայաստանի եւ ԼՂՀ բջջային ցանցեր մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ դեպի միւազգային ցանցեր` 30 դրամ: