5 օգոստոսի 2009 - 19:56 AMT
Ամեն դեպքում Լաչինը, Քելբաջարը եւ ԼՂՀ պետք է հայերի հսկողության տակ լինեն
«ՀՀ եւ ԼՂՀ առաջին ղեկավարությունը համաձայն էր, որ ազատագրված տարածքների մի մասը կարող է փոխզիջումների առարկա լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Բայց խոսքը գնում էր այն տարածքների մասին, որոնց հանձնումը չէր կարող զգալիորեն խախտել ԼՂՀ անվտանգությունը»,- այսօր Երեւանում «Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանն իր հերթին հայտնել է, որ տարածքների հետ կապված փոխզիջումներին կարելի է համաձայնել միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում Հայաստանի եւ ԼՂՀ ազգային շահերին: Նա նաեւ ավելացրել է, որ ամեն դեպքում Լաչինը, Քելբաջարը եւ ԼՂՀ պետք է հայերի հսկողության տակ լինեն:

Հրանտ Բագրատյանը նույնպես համաձայնել է, որ չի կարելի հանձնել վերը նշված երկու շրջանները, եւ նկատել է, որ հայերին անհնար է զրկել պետությունից, քանի դեռ իրենք դա չեն արել: Նա նաեւ նշել է, որ ազատագրված տարածքները չբնակեցնելը կոպիտ սխալ էր, քանի որ ԼՂՀ բնակեցումը կարող էր միջազգային հանրությանը փաստի առաջ կանգնեցնել: