5 օգոստոսի 2009 - 20:40 AMT
Հայաստանի տնտեսությանը Արտահանման զարգացման բանկ է հարկավոր
«Չկա գրեթե ոչ մի եվրոպական երկիր, որը չունի «Արտահանման զարգացման բանկ»: Կարծում եմ, որ այդ բանկի ներդրումը ՀՀ տնտեսական համակարգի մեջ շատ օգտակար կլիներ հայկական արտադրության արտահանման զարգացման համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Միացյալ աշխատավորական կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանն իր հերթին այդ առիթով հաղորդել է, որ դեռեւս 3 տարի առաջ կուսակցությունը հրապարակեց նման բանկի ստեղծման անհրաժեշտությունը, բայց այդ ուղղությամբ ոչ մի լուրջ քայլեր չձեռնարկվեցին:

Պարզաբանելով «Արտահանման զարգացման բանկի» աշխատանքի մեխանիզմը` Արսենյանն ընդգծել է, որ բանկը ֆինանսավորում է տեղական արտադրողներին` խթանելով նրանց արտադրանքի արտահանումը: «Օրինակ, եթե տեղական արտադրողն ունի արտահանման ապրանք եւ արտասահմանում ներկրող է գտել, որը պատրաստ է գնել այդ ապրանքը, բայց վերջինս կարող է այդ ամենի համար վճարել, օրինակ, երեք ամիս անց, ապա տեղական «Արտահանման զարգացման բանկը» արտասահմանյան ներկրողին վարկ է տրամադրում»,- ասել է Արսենյանը` ավելացնելով, որ այդ բանկը ուղղակի վարկեր չի տրամադրում ներկրողներին, այլ իր արտադրողին է տալիս դրանք: «Այնուհետեւ, ֆիքսված ժամանակի ընթացքում, ներկրողը սկսում է ծածկել վարկը»,- նշել է ՄԱԿ ղեկավարը: