Պուտինն առաջարկում է Էրդողանին փոխանակել Nabucco-ն Soutf Stream-ի հետ

PanARMENIAN.Net - Այսօր սկսվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Թուրքիա: Ըստ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովի, Պուտինն ու Էրդողանը օրվա առաջին կեսին մտադիր են շփվել նեղ շրջանակներում, իսկ այնուհետեւ միջկառավարական բանակցություններ կվարեն ընդլայնված կազմով: Ուշակովը նշելէ, որ ամենազգայուն հարցերը, հավանաբար, կլուծվեն հենց նեղ շրջանակներում, քանի որ վարչապետները, որոնք 8 անգամ հանդիպել են, արդեն համապատասխան անձնական շփում ունեն: Առանձնազրույցից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի վարչապետներին կմիանա Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: Նրա մասնակցությունը կապված է համատեղ էներգետիկ նախագծերի հետ, առաջին հերթին Soutf Stream գազամուղի նախագծի հետ:



Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան թույլ կտա կառուցել գազամուղը Սեւ ծովի իր տարածքային ջրերում: ՌԴ կառավարության աշխատակազմը նախապատրաստել է միջկառավարական արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել Անկարայում, որով կողմերը պայմաններ կապահովեն կառուցման համար:



Soutf Stream գազամուղը կանցնի Սեւ ծովի հատակով` Նովոռոսիյսկից մինչեւ բուլղարական Վառնա: Այնուհետեւ նրա երկու ճյուղավորումները Բալկանյան թերակղզով կհասնեն Իտալիա եւ Ավստրիա: Նախագիծը պետք է ուժի մեջ մտնի 2013թ.: Թողունակությունը 63 մլրդ խմ է տարեկան: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 25 մլրդ եվրո:



Թուրքիան նաեւ մասնակցում է Soutf Stream-ի հետ մրցակցող Nabucco գազամուղի նախագծին, որը շրջանցում է Ռուսաստանը: Ինչպես կարծում են փորձագետները, ՌԴ-ն կարող է փորձել իր կողմը քաշել Թուրքիային, որպես այլընտրանք առաջարկելով համագործակցությունը Soutf Stream-ի շրջանակներում:



Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը կնքվեց հուլիսի կեսին: Փաստաթուղթը ստորագրեցին Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան ու Ռումինիան: Նախագիծը գնահատվում է շուրջ 7,9 մլրդ դոլար եւ ենթադրում է բնական գազի առաքում դեպի Եվրոպա` Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն կդառնա Բաքու-Էրզրում գազատարի շարունակությունը: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2010թ, իսկ գազի առաքումը` 2014թ.:



Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը մի շարք փաստաթղթեր կկնքեն էներգետիկ ոլորտում համագործակցության մասին եւ համատեղ մամլո ասուլիս կտան, կստորագրեն արձանագրությունները գազային եւ նավթային ոլորտում համագործակցության մասին: Ընդհանուր առմամբ կստորագրվի շուրջ 16 փաստաթուղթ ռուսական եւ թուրքական կողմերի համագործակցության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---