6 օգոստոսի 2009 - 15:42 AMT
Վերադասավորումները Հայաստանի քաղաքական դաշտում չեն ավարտվել եւ դեռ կշարունակվեն
«Մենք կանգնած ենք նոր քաղաքական սեզոնի շեմին, քանի որ ընդդիմությունը սկսել է հանդիպումներ անցկացնել ՀՀ մարզերում, ինչը պետք է սթափեցնի ՀՀ իշխանություններին: Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ այժմ հանգստանալու ժամանակը չէ եւ շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարոտ են»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը:

Հ.Հովհաննիսյանը, մեջբերելով ռուս գրող Սոլժենիցինին, ՀՀ քաղաքական վերնախավին բնորոշել է որպես «տարերային հավաքածու», ինչը «բխում է Հայաստանի ներքաղաքական կյանքից, ոչ թե միջազգային համատեքստից»:

Հ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ ազգային հարցերում ընդդիմությունն առավել արմատական դիրքորոշում պետք է ունենա, քան իշխանությունները: Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի քաղաքական դաշտում արմատական ընդդիմության տեղը թափուր էր, եւ Դաշնակցության անցումը ընդդիմության շարքեր այդ բացը լրացնելու փորձ էր:

Հ.Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ վերադասավորումները Հայաստանի քաղաքական դաշտում չեն ավարտվել եւ դեռ կշարունակվեն, քանի որ խնդիրը դեռեւս լուծված չէ, եւ մինչեւ այժմ ազգային հարցերում ընդդիմությունն իշխանությունից ավելի արմատական չէր: