7 օգոստոսի 2009 - 17:52 AMT
«ԱրմենՏելը» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն համագործկցության մասին հուշագիր են ստորագրել
«ԱրմենՏել» ՓԲԸ -ն (ապրանքանիշը Beeline) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ Beeline հաճախորդների բավարարվածության բարձրացմանը:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կստանա անկախ փորձագիտական տեղեկատվություն իր հաճախորդների բավարարվածության մասին, կկարողանա գնահատել իր գործունեությունը սպառողների իրավունքների պաշտպանության տեսակետից: Կողմերը համաձայնվեցին նաեւ ծավալելու հեռահողարդակցության ոլորտի իրավական դաշտի բարելավմանը ուղղված համատեղ աշախատանքներ:

«Ավանդաբար սպառողների իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները դիտարկվել են որպես բարիկադի մի կողմում գտնվողներ, իսկ բիզնեսը` մյուս կողմում: Իրականում մենք ունենք ընդհանուր նպատակ: Մենք ուզում ենք, որ մեր հաճախորդը բավարարված լինի»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն հեղինակավոր կազմակերպություն է, որն ունի բազմաթիվ նվաճումներ իր ոլորտում, եւ մենք լավատես ենք մեր համագործակցության վերաբերյալ», - հավելել է նա:

Իգոր Կլիմկոն հայտնեց նաեւ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի հետ համագործակցելով` «ԱրմենՏել»-ը սկսում է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը:

Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանի, հայաստանյան ընկերությունները նոր-նոր են սկսում համագործակցել հասարակական սեկտորի հետ, եւ «ԱրմենՏել»-ը այդ իմաստով խոշոր բիզնեսի առաջին շարքերում է: «Վստահ եմ, որ այս գործընկերությունը ոչ միայն իրական օգուտ կտա սպառողին, այլեւ կդառնա հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի համատեղ աշխատանքի որոշակի մոդել», - ասել է նա: